Սմիթին արգելել են առաջիկա 10 տարում ներկա գտնվել «Օսկարին»

Սմիթին արգելել են առաջիկա 10 տարում ներկա գտնվել «Օսկարին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան արգելել է հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարում ներկա գտնվել իր կազմակերպած միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Այդ մասին ասվում է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը պետք է տոն դառնար շատերի համար, որոնք մեծ աշխատանք էին կատարել անցնող տարում, սակայն այդ պահերը մթագնեց «բեմում Սմիթի անընդունելի վարքագիծը», գրում է ՏԱՍՍ-ը։

Որոշվել է, որ 2022-ի ապրիլի 8-ից սկսած 10 տարի շարունակ Սմիթին չի թույլատրվի անձամբ կամ առցանց այցելել ակադեմիայի կազմակերպած որևէ միջոցառում կամ ծրագիր։

Սմիթն արձագանքել է ակադեմիայի որոշմանը՝ ասելով, որ հասկանում և ընդունում է այդ որոշումը։

Ավելի վաղ Սմիթը հայտարարել է Ամերիկյան կինոակադեմիայից դուրս գալու մասին։ Նա ափսոսանք է հայտնել «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությանը տեղի ունեցած միջադեպի համար, երբ հարվածել էր վարողին իր կնոջ մասին կատակի համար։

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթը հարվածել էր արարողությունը վարող Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի հասցեին, նրա կատակի համար։ Փինքեթ-Սմիթը սափրել էր գլուխը հիվանդության պատճառով։ Ավելի ուշ Սմիթը ներողություն էր խնդրել Ռոքից։ ԱՄՆ Կինոակադեմիան կարգապահական հետաքննություն էր սկսել։ Ուիլ Սմիթն «Օսկարի» է արժանացել «Արքա Ռիչարդ» ֆիլմում Տղամարդու լավագույն դերակատարման համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---