9 ապրիլի 2022 - 11:39 AMT
Ապրիլի 10-ին Ծաղկազարդ է․ Ավագ շաբաթը սկսվում է

Ծաղկազարդի կիրակիով սկսվում է Ավագ շաբաթը, որը Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության շաբաթն է: Այն ավարտվում է հրաշափառ Հարության տոնով։

Ծաղկազարդի կիրակին այս տարի ապրիլի 10-ին է։

Շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ նաև խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմը։

Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ գալուստը. երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, Հիսուսին ընդառաջ ելան (Մատթ. ԻԱ 1-17): Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը: Արմավենիներով ընդառաջ ելնելը խորհրդանշում է սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում:

Ծաղկազարդի օրն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարված է մանուկների օրհնության օր:

Ապրիլի 11-ին Ավագ երկուշաբթին է՝ Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օրը։

Ապրիլի 12-ին Ավագ երեքշաբթին է՝ Տասը կույսերի հիշատակության օրը։

Ապրիլի 13-ին Ավագ չորեքշաբթին է՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օրը։

Այդ օրերին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցով առավոտյան և երեկոյան ժամերգություններ կլինեն՝ 9.00-ին և 17.00-ին։

Ապրիլի 14-ին Ավագ հինգշաբթին է․ Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր:

Այդ օրը 16.00-ին Ոտնլվայի արարողություն կկատարվի, իսկ ավարտին կկատարվի յուղի օրհնություն, 19.00-ին` Խավարման կարգ։

Ապրիլի 15-ին Ավագ ուրբաթն է, Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրը։ Ժամը 11.00-ին Խաչելության կարգ կկատարվի, 17.00-ին` Թաղման կարգ:

Ապրիլի 16-ին Ավագ շաբաթն է․ Դժոխքի ավերում և Ճրագալույց։ 18.00-ին Ճրագալույցի պատարագ կմատուցվի, կտրվի սբ Հարության ավետիսը, մարդիկ վառված ճրագները կտանեն տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի: 20․00-ին՝ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ կլինի։

Ապրիլի 17-ին` Սուրբ Զատիկն է, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ 9.00-ին առավոտյան ժամերգություն կլինի, իսկ 11.00-ին` տոնական Ս. Պատարագ։

Ապրիլի 18-ին` ննջեցյալների հիշատակության օր է` Մեռելոց։