9 ապրիլի 2022 - 12:03 AMT
Խանումյան․ ՌԴ հանդեպ իռացիոնալ վերաբերմունքը փոխանցվում է պետկառույցներին՝ բարդացնելով ՀՀ-ՌԴ հարաբերությունները

ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020-ի աղետը և դրա հետևանքները՝ այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, նույն ռազմական դաշինքի անդամ, իրականացնում է խաղաղապահ առաքելություն Արցախում:

«Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները:

Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է Հայաստանի ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին):

Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ: Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների:

Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև»,-ասվում է գրառման մեջ: