9 ապրիլի 2022 - 12:52 AMT
Ուկրաինան կոչ է արել հեռացնել ՌԴ-ին ԵԱՀԿ-ից

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հորդորել է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), հայտնում է Deustche Welle-ն։

«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդել են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը։ ՌԴ անդամակցությունը ԵԱՀԿ-ում սպառնալիք է անվտանգության և համագործակցությանը Եվրոպայում։ Եթե ԵԱՀԿ-ն չունի համապատասխան մեխանիզմներ երկրների անդամությունը կասեցնելու համար, ապա հարկավոր է ստեղծել այդպիսի ընթացակարգ և հեռացնել ՌԴ-ին», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Reuters