Ալիև․ Հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի 5 սկզբունքը

Ալիև․ Հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի 5 սկզբունքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի 5 սկզբունքից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել ՀՀ հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար, և նշել, որ «հայկական կողմն ընդունել է այդ սկզբունքները»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 9-ի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը»։

«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և ապրիլի 6-ին երկու երկրի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև աշխատանքային խմբի ձևավորումը, որը զբաղվելու է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստմամբ, ինչպես նաև անդրադարձ է եղել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ մասնակցությամբ տրանսպորտային հարցերով աշխատանքային խմբի գործունեությանը և հետագա շփումներին այդ շրջանակում։

Ապրիլի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---