Վայոց ձորում հերթական կիսակառույցը տուն է դարձել

Վայոց ձորում հերթական կիսակառույցը տուն է դարձել

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն համակարգված աջակցության շնորհիվ՝ հաջողվում է դրանք ավարտել նախատեսված ժամկետներում: Տարբեր համայնքներում տան տեր են դառնում ընտանիքներ, որոնք, սեփական անկյունն ունենալու համար, ստիպված են եղել սպասել տասնամյակներ:

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում: Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում:

Դպրոցական նստարանից դեպի ուսանողական կյանք, այնուհետև՝ ընտանիք: Աշոտն ու Անին համատեղ կյանքի ճանապարհ են անցել երկար տարիներ: Ուսանողական տարիներին ընտանիք կազմելուց հետո, երիտասարդ ամուսինները մի քանի տարի վարձով ապրել են Երևանում, ապա՝ տեղափոխվել Եղեգնաձոր: Այստեղ ևս վարձակալի կարգավիճակով ապրող երիտասարդներին սեփական տուն կառուցելու միտք է տվել Աշոտի հորեղբայրը: Նրա նվիրած հողամասում, առանց բաժանարար պատերի կիսակառույցը 16 տարի անց՝ տուն է դարձել: Միմյանց լավ ճանաչելու փաստը բարձրագույնավարտ ամուսիններին հնարավորություն է տվել արժանապատվորեն հաղթահարելու եղած խնդիրները: Նազարյանները դարձել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը: Արդեն մի քանի ամիս է՝ Նազարյաններն իրենց նոր տանն են ապրում:

«Դժվար է տնից տուն տեղափոխվել: Տասնվեց տարվա ընթացքում 5 տուն ենք վարձակալել: Մեր երազանքների տունը տարիներ շարունակ մտովի ենք կառուցել: Երկուսիս վաստակած համեստ գումարը հիմնականում ուղղվում էր երեխաների զարգացմանն ու տան վարձին: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց արժանապատվորեն հաղթահարել այդ խնդիրը», -ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Այնտեղ, որտեղ կա նվիրում՝ արդյունքն իրեն սպասել չի տալիս: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործում դրսևորի դա` կյանքն ավելի լավ հունով կընթանա: Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք տարածել այդ նվիրումը, երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու մշակույթը: Դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը կարող է արժեհամակարգ դառնալ նաև հասարակության համար: Բայց այդ հարցում կա յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեր օգնության անհրաժեշտությունը: Գիտեմ, որ մանկավարժ եք և սերունդներ եք ճանապարհում դեպի կյանք: Փոխանցեք նրանց այդ ամենը. պատասխանատու լինելու, դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու և լավատեսության կարևորությունը: Մնացածը կսովորեն կյանքի հետագա փուլերում», - տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հաճելի է տեսնել, թե ընտանիքը ինչ ոգևորությամբ է ապրում նորակառույց տան մեջ: 15 տարվա դեգերումներից հետո հնարավորություն ունենալ կառուցելու երազանքի տունը, կարծում եմ ընտանիքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Մենք մեր պարտքն ենք համարում միշտ լինել տնազուրկ ընտանիքների կողքին», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ծրագրի շրջանակում Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Վերջին ամիսներին՝ Գետափ գյուղում երկրորդ բնակարանամուտն է նշվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---