Ալիև. ԼՂ գազամատակարարման հարցով մարդ չմնաց, որ չզանգեր՝ Ամերիկայից մինչև Եվրոպա

Ալիև. ԼՂ գազամատակարարման հարցով մարդ չմնաց, որ չզանգեր՝ Ամերիկայից մինչև Եվրոպա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին անգամ անդրադառնալով ադրբեջանցիների ներխուժմանը Փառուխ, բացահայտել է դրա նպատակը՝ նշելով, որ «Փառուխ լեռան» (նկատի ունենալով Քարագլուխը) տակ է գտնվում Խաչենի ջրամբարը։ Նա հավելել է, որ «հայկական դիրքերը վտանգում էին ջրամբարի շահագործումը»։

«Խոսքը մեծ վտանգի աղբյուրի մասին էր։ Ըստ իս՝ Փառուխ լեռը հիմա հայտնի է ամբողջ աշխարհին և այդ մեծ լեռան վրա ծածանվում է Ադրբեջանի դրոշը»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ լեռը մեծ նշանակություն ունի ջրամբարի և դրա շահագործման համար և թվարկել, թե ինչ աշխատանքներ է նախատեսված այնտեղ անցկացնել։

Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանմանը՝ նշելով, թե «մարդ չմնաց, որ այդ հարցով չզանգեր իրեն՝ Ամերիկայից մինչև Եվրոպա»,-գրում է Interfax.az-ը։

«Հայերն ամբողջ աշխարհով մեկ աղմուկ բարձրացրեցին, թե Ադրբեջանը հումանիտար աղետ է սարքել»,-ասել է նա՝ հավելելով, թե «Նախիջևանում էլ 15 տարի գազ չկար, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին»։

Նա նաև ասել է, թե Եվրոպայում էլ կան երկրներ, որտեղ ընդհանրապես գազ չկա և հավելել, որ ասել է, որ «հայերը պետք է գնահատեն», որ Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնվել է։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---