Վարչապետ․ Տարակուսելի է, որ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ

Վարչապետ․ Տարակուսելի է, որ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է՝ տարակուսանքի տեղիք է տալիս, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ, քանի որ այդ գործելակերպը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

«Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ ԱԺ պատգամավորների շարժն արգելափակելու առումով»,- հավելել է նա։

Անդրադառնալով Փառուխում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջադեպը հարցեր է առաջացնում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված:

«Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար։ Սա բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության համար»,- հավելել է վարչապետը։

ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---