«Հայաստան»․ Պատգամավորների՝ Արցախ մուտքի սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել

«Հայաստան»․ Պատգամավորների՝ Արցախ մուտքի սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել:

Նշվում է նաև, որ օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է:

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր և Արցախի Հանրապետություն:

«Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում ՌԴ խաղաղապահ զորքերն արգելեցին պատգամավորների մուտքը՝ առանց որևէ հիմնավորման, մինչդեռ՝ ՀՀ որևէ քաղաքացու մուտք ու ելք չի կարող սահմանափակվել։

Ուշագրավ է, որ պատգամավորների՝ Արցախ այցելելու քայլին շատ արագ և միաժամանակ արձագանքեցին իշխանական ներկայացուցիչներն ու ադրբեջանական կողմը՝ նույնիսկ արգելելու պահանջ ներկայացնելով:

Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։

Միաժամանակ, պարզ չէ՝ օրվա իշխանությունները կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ակնհայտ խնդրի լուծման ու հետագայում նման դեպքերը հստակ կանխարգելելու ուղղությամբ, բացի պարզապես հայտարարություններ անելուց»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․ Վարչապետ․ Տարակուսելի է, որ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---