Միրզոյան․ ՌԴ-ից պարզաբանել են` պատգամավորների մուտքը ԼՂ չի թույլատրվում սադրանքներից խուսափելու համար

Միրզոյան․ ՌԴ-ից պարզաբանել են` պատգամավորների մուտքը ԼՂ չի թույլատրվում սադրանքներից խուսափելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների մուտքն Արցախ արգելելու միջադեպի վերաբերյալ հարցին, տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղել Արցախի և Ռուսաստանի իշխանությունների հետ:

Միրզոյանն ասել է՝ ՌԴ-ից պարզաբանել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից խուսափելու նկատառումներով։

«Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով», - ասել է Միրզոյանը։

Ճշտող հարցին, թե ՌԴ-ից են հավաստիացրել՝ Միրզոյանը դրական է պատասխանել։

Նա հավելել է, որ ՀՀ դիրքորոշումը հստակ արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և ՀՀ քաղաքացիները, առավել ևս, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսելի է համարել, որ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---