3 ապրիլի 2009 - 21:36 AMT
Հայաստանի նախագահին կրկին կոչ են արել փրկել Սեւանը
S.O.S. Սեւան նախաձեռնական խումբը, որը ձեւավորվել է Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների Ալյանսի շրջանակներում, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմեց խնդրանքով` կանխել «GEOPROMINING» ընկերության նախաձեռնած Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու նախագծի շուրջ ապօրինի գործընթացը, որը սպառնում է Սեւանա լճի գոյությանը:

Հայաստանի նախագահին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Չնայած Հայաստանում գործող օրեսնդրությանը, «Սեւանա լճի մասին» ՀՀ Օրենքին, ՀՀ «Ջրային օրենսգրքին», «Հողային օրենսգրքին», Հայաստանի կողմից ամրագրված միջազգային կոնվենցիաներին, «GEOPROMINING» ընկերությունը պատրաստվում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, որի մեջ մտնում են ոսկու արտահանման գործարանը, ցիանիդների եւ թունաքիմիկատների պահեստները, ինչպես նաեւ ցիանային թափոների պահեստարանը: Սեւանի համար դա նշանակում է 100 մլն տոննա թափոններ` թունավորված ցիանային միացություններով, ծանր եւ թունավոր մետաղներով, մկնդեղով, սուրմայով, պիրիտներով եւն: Ներթափանցելով Սեւանա լճի ջրհավաք ավազանի ստորգետնյա ջրերը` այդ միացությունները կթափանցեն նաեւ լիճ եւ կմնան այնտեղ միլիոնավոր տարիներ»:

S.O.S. Սեւան նախաձեռնական խմբի դիմումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ստորագրել են 9 ՀԿ ներկայացուցիչներ:

Նամակի կրկնօրինակներն ուղարկվել են ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ Գլխավոր դատախազություն: