15 ապրիլի 2022 - 15:35 AMT
ՊՎԾ-ն անհամապատասխանություններ է գրանցել պետմարմինների կողմից մեքենաների ձեռքբերման գործընթացում

Պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ մեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով։

Արդյունքում արձանագրվել են b>անհամապատասխանություններ:

ՀՀ վարչապետին առաջարկություն է ներկայացվել.

ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին), սահմանել ըստ առանձին խմբերի հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերման օրինակելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով խտրական գնումների ընթացակարգերի իրականացումը:

Հանձնարարել արդարադատության նախարարությանը վերանայել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունման ժամանակահատվածում չեն գործել ՀՀ վարչապետի ենթակա մարմինները:

Հանձնարարել ֆինանսների նախարարությանը վերանայել Հրամանով սահմանված գնային կարգավորումները՝ այն համապատասխանեցնելով շուկայական գործող գներին:

Միաժամանակ, ծառայության կողմից մշտադիտարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ՝ բարձրարժեք տրանսպորտային միջոցների գնման գործընթացները: Արդյունքում՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումների իրավական կանոնակարգման ուղղությամբ՝ սահմանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները և դրանց առավելագույն արժեքները:

Առաջարկությունը ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008-ի հուլիսի 24-ի «ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013-ի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով։