15 ապրիլի 2022 - 18:04 AMT
Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասողը ձերբակալվել է

Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է։ Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, տեղեկացնում է ոստիկանությունը։

Ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002-ին։