15 ապրիլի 2022 - 18:14 AMT
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը՝ փորձաքննության արդյունքներով Հայաստան ներկրված արտադրատեսակում մանրէաբանական անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

«Կինդեր»-ի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակման դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպությունում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

«Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելվել է։