2022-ին ՀՀ ներկրվող 6400 էլեկտրամոբիլ կազատվի մաքսատուրքից

2022-ին ՀՀ ներկրվող 6400 էլեկտրամոբիլ կազատվի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից Հայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով մեքենաները կազատվեն մաքսատուրքից։ Գործադիրը որոշում է ընդունել սակագնային արտոնություն կիրառելու մասին:

Այն տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «12.5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, և այս մաքսատուրքը հանվում է, եթե շատ կոպիտ ասենք՝ առաջին 6400 ներմուծողների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր արդեն ներմուծել են այս ընթացքում»:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի մարտի 17-ի որոշման՝ ՀՀ-ի համար հաստատված էր 7000 չափաքանակով։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ ապահովելու նպատակով։

«Այս որոշմամբ բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել բոլորովին նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից։ Դա մի փոքր ավելի երկարատև պրոցես է` պետք է պատվիրել մի քանի ամիս առաջ։ Գուցե մեքենաները հասնելու պահին քվոտան վերջացած լինի, ուստի հիմա բաշխում ենք մի մասը»,- ասել է նա։

Ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն՝ 2022թ. հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար՝ մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար:

Նախարարը նշել է, որ որևէ լրացուցիչ գործողություն անելու կարիք չկա՝ մարդիկ ինչպես սովորաբար ներմուծում են մեքենան, այդպես էլ պետք է շարունակեն անել՝ լրացնելով սակագնային արտոնությամբ մաքսազերծման հայտարարագիրը, որն էլ ավտոմատ կերպով տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն:

Նրա խոսքով՝ որոշում կա նաև հաջորդ տարվա համար, 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չի բաշխվում՝ կախված իրադարձությունների զարգացումից: Ներմուծումը պետք է իրականացվի Գյումրիի ավտոմաքսատանը, ամսական կտրվածքով կհրապարակվեն քանակական տվյալներ ներմուծման ծավալի և քվոտայի օգտագործման վերաբերյալ:

Մինչև 2022-ը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրումը ՀՀ ազատված է եղել մաքսատուրքերից։ 2022-ի հունվարի 1-ից արդեն պետք է գործեր 12.5 տոկոս մաքսատուրք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---