Զոհված զինվորների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Զոհված զինվորների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։

Ինչպես հայտնել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը` ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արցախյան պատերազմի զոհերի ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։

«Մեր որդիները զոհվել են 2020թ–ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022թ–ի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Ծնողների համոզմամբ` Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել այն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսելու։ Արդյունքում զոհվել է 3800 զինծառայող, անհետ կորել 100-ից ավելի անձ, գերեվարվել 500-ից ավելի զինծառայող ու քաղանձ, հաշմանդամ է դարձել 11,000-ը։

Այս հիմքով զոհված 19 զինծառայողի ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։

«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը մեզ պետք է ընդունի, մեր հարցերին պատասխանի և, բնականաբար, գործին տա ընթացք»,– ասել է Մանասյանը։

Ծնողները նշել են, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։

Ապրիլի 13–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։

Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Նա ասել էր` հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---