20 ապրիլի 2022 - 15:29 AMT
Փաշինյանը՝ Մատվիենկոյին․ Միջխորհրդարանական կապերն առանցքային են ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերություններում

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ միջխորհրդարանական կապերն առանցքային դեր ունեն ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։

«Մենք նաև լավ ավանդույթ ունենք՝ ամեն տարի անցկացնում ենք միջտարածաշրջանային համաժողով, ինչը ևս շատ կարևոր ձևաչափ է։ Եվ, անշուշտ, ուրախ ենք, որ վաղը նախատեսվում է մեր խորհրդարանական գործընկերների այցը Հայաստան»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Փաշինյանի, Հայաստանն ու ՌԴ-ն պետք է շարունակեն խորացնել ինտեգրումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։

«Մենք բավականին հաջող ենք գործակցում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։ Մենք նաև խորհրդարանական վեհաժողովներ ունենք, որոնք ևս լավ են գործում։ Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ տեղ կա մտածելու, թե ինչպես աշխատանքն առավել արդյունավետ դարձնել, հարկավոր է շատ սերտ համագործակցել»,-ասել է նա։