ՀՀ և ՌԴ մշակույթի պատասխանատուները գործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ և ՌԴ մշակույթի պատասխանատուները գործակցության ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Մոսկվայում մշակութային բնագավառում գործակցության ծրագիր են ստորագրել։

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել 2022-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը:

Դումանյանը կարևորել է երկու բարեկամական պետության միջև մշակութային գործակցության ընդլայնումը և դրա նպատակով մշակութային բնագավառում գործակցության ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:

Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում հայ դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:

ՌԴ մշակույթի նախարարը Դումանյանին հրավիրել է հայաստանյան պատվիրակության հետ ներկա գտնվել ամենամյա Սանկտպետերբուրգյան միջազգային մշակութային համաժողովին և Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան կողմից կազմակերպվող երիտասարդ տաղանդների համերգային ծրագրին:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---