Պուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը

Պուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն աննպատակահարմար է անվանել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» արդյունաբերական գոտու գրոհն ու հրամայել չեղարկել այն։

«Արդյունաբերական գոտու գրոհը համարում եմ աննպատակահարմար։ Հրամայում եմ չեղարկել»,-ասել է գլխավոր գերագույն հրամանատարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Իր հրամանը Պուտինը բացատրել է ռուս զինծառայողների կյանքերը խնայելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն միշտ պետք է մտածենք, սակայն այս դեպքում առավել ևս, մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Պետք չէ մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է նա։

«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին այնպես, որ ճանճն անգամ չանցնի»,- կարգադրել է ՌԴ նախագահը։

Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է Ուկրաինայի համար երաշխավոր դառնալուն՝ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։

«Մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավորը դառնալու։ Սակայն, ուկրաինական կողմը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։ Դրան դեմ են և ԱՄՆ-ն, և Մեծ Բրիտանիան, նաև մենք։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ երաշխիքներ են, ինչ պահանջներ են լինելու։ Հարկավոր է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,-ասել է նա թուրքական CNN Turk հեռուստաալիքին, գրում է «Կոմերսանտը»։

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության, հավաքական պաշտպանությունը նշանակում է, որ հարձակումը դաշինքի մեկ անդամի դեմ դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ Կանոնադրության 5 կետը կիրառվել է ԱՄՆ դեմ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---