Հայ-չինական նոր համաձայնագիրը կնպաստի տնտեսական գործակցության ընդլայնմանը

Հայ-չինական նոր համաձայնագիրը կնպաստի տնտեսական գործակցության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջև ապրիլի 20-ին ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր, ըստ որի կողմերը նպատակադրվում են նպաստել երկու երկրների միջև գործարար ոլորտում փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու երկարատև համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, չինականից՝ Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Կանտոնի տոնավաճառի գլխավոր քարտուղարի տեղակալ Յե ՋիՋիանգը։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նույն օրը կազմակերպված՝ Կանտոնի տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառման շրջանակներում, որին կազմակերպիչներից բացի մասնակցել են տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներ, ոլորտային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա առավել հանգամանալի ծանոթանալու ու վերլուծելու չինական շուկայի առավելությունները, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները»,-նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հայ-չինական տնտեսական կապերի որոշակի ավանդույթներ արդեն ձևավորվել են՝ սկսած Մետաքսի ճանապարհի ակտիվ գործունեության ժամանակներից, և այսօր էլ դրա վերագործակման գործընթացում Հայաստանը պատրաստակամ է ակտիվ դերակատարում ունենալ, նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

«Չնայած տարբեր հանգամանքներով պայմանավորված դժվարին ժամանակներին, պետք է փորձենք հնարավորինս սերտացնել ու խորացնել մեր տնտեսական հարաբերությունները»,-ասել է Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի արտաքին հարաբերությունների գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Յու Ի-ն։

Նրա հավաստմամբ՝ հայկական ապրանքները բարձր են գնահատվում չինական շուկայում, և հայ գործընկերների հետ անմիջական համագործակցությունը, ստորագրված համաձայնագիրը նոր խթան կհանդիսանան երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---