Փաշինյան․ ԼՂ կարգավորման նախագիծ կամ սևագիր չկա, Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել թիկունքում

Փաշինյան․ ԼՂ կարգավորման նախագիծ կամ սևագիր չկա, Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել թիկունքում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՌԴ կատարած պաշտոնական այցին, ասել է, որ նոյեմբերի 9-ից հետո իր օտարերկրյա ամեն այցից առաջ լուրեր են տարածվում, թե պատրաստվում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին:

Նա վստահեցրել է, որ այս պահին չկա ԼՂ կարգավորման վերաբերյալ որևէ նախագիծ կամ սևագիր, որը բանակցային սեղանին լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։

Փաշինյանը բացառել է որևէ փաստաթղթի ստորագրում առանց հանրային լայն քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Նա հավելել է, որ «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»:

Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂ-ին առնչվող ռուսաստանյան բանակցությունների արդյունքների մասին տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղի նախագահին:

Անդրադառնալով Արցախը հանձնելու մասին խոսակցություններին՝ Փաշինյանն ասել է, որ Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ «Եթե մենք Արցախը հանձնելու լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ»,-ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ իշխանությունների մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում: «Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք»,-ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---