25 ապրիլի 2022 - 10:23 AMT
Աղաջանյան․ Չավուշօղլուի ազգայնական ժեստը չի նպաստում երկխոսության ձևավորմանը

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստի ցուցադրմանն ուրուգվահայերին, նշել է, որ դա չի նպաստում երկխոսության ձևավորմանը։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկորւմ Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։