Վանեցյան. Վճռական փուլին դեռ չենք անցել

Վանեցյան. Վճռական փուլին դեռ չենք անցել

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վճռական փուլին դեռ չեն անցել։

«Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Վանեցյանը նշել է, որ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։

«Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասել է նա։

Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։

«Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասել է նա։

Անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին՝ Վանեցյանն ասել է՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչով դիմել է ԱԱԾ սպաներին։

«Օգտվելով առիթից՝ իմ նախկին գործընկերներին, դատախազության, ոստիկանության, ՔԿՀ-ների աշխատակիցներին, ուսադիր կրողներին կոչ եմ անում միանալ մեր սպաների միության հայտարարությանն ու գործել միասնական, հանուն մեր երկրի ու ժողովրդի»,-ասել է նա։

Վանեցյանը ապրիլի 17-ից հրապարակում հայտարարել է բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Ապրիլի 25-ից ընդդիմադիր խորհրդարանական ուժերը հայտարարել են պայքարի երկրորդ ակտիվ փուլի մասին՝ նախաձեռնելով ապակենտրոն, ցանցային գործողություններ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---