Միրզոյանը քննարկել է Մումբայի նավահանգստից ՀՀ բեռնափոխադրումների հնարավորությունը

Միրզոյանը  քննարկել է Մումբայի նավահանգստից ՀՀ բեռնափոխադրումների հնարավորությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Այնտեղ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։

Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարավորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը։

Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B):

Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն Tata Group տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող IHCL ընկերության փոխնախագահի հետ։

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և հնարավորությունները։

Հանդիպմանը Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---