Կամավոր ատեստավորված ուսուցիչները կստանան 200,000 դրամ, հավելավճարով կարող է 400,000-ի հասնել

Կամավոր ատեստավորված ուսուցիչները կստանան 200,000 դրամ, հավելավճարով կարող է 400,000-ի հասնել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:

Նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել մինչև 200,000 դրամ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ ատեստավորում անցած ուսուցիչները կստանան ևս 30-50 % հավելավճար, և տեսականորեն ու պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400,000 դրամ աշխատավարձ:

Նա նշել է, որ մեկ դրույք ունեցող ուսուցիչն ատեստավորման արդյունքում 50% աշխատավարձի բարձրացման դեպքում կստանա 300,000 դրամ, որին հավելելով տարակարգերի հավելավճարները, գումարը կարող է հասնել մինչև 400,000-ի:

Նախարարը նշել է նաև, որ նախկինում ընդունված նախագծերով սահմանվում էր, որ կամավոր ատեստավորում անցնող ուսուցչի աշխատավարձը բարձրանում էր 50%-ով, բայց քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը 125,000 դրամ է, դա չէր ապահովելու մրցակցային միջավայր, ուստի որոշվեց մայիսի 1-ից շեմը բարձրացնել մինչև 200,000 դրամ:

Կարևորելով կրթության դերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ «անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»: Վարչապետը նշել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել ատեստավորմանը, մի քանի տարի այդ հնարավորությունը տրվելու է, բայց որևէ պահի ատեստավորում չանցած ուսուցիչն ուղղակի չի աշխատելու:

2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցել է «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Նրանք ստացել են տարբեր տոկոսայիան հավելավճարներ։

Կամավոր ատեստավորումն ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը չէ. բացի այս գործիքից՝ ունենք նաև տարակարգի շնորհման գործընթաց, որը, հաշվի առնելով ուսուցչի մանկավարժական և մասնագիտական կարողությունները ու կուտակելով անհրաժեշտ կրեդիտներ, ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում ստանալու հավելավճարներ 10-50 տոկոսի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---