Մեկնարկում է Ինեկոբանկ Երևանի գարնանային 3-րդ բարեգործական վազքը

Մեկնարկում է Ինեկոբանկ Երևանի գարնանային 3-րդ բարեգործական վազքը

PanARMENIAN.Net - Ինեկոբանկը հավատարիմ է մնում բարի գործերի իրականացմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված իր մոտեցումներին։ Մայիսի 1-ին կկայանա «Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» թվով 3-րդ բարեգործական մրցարշավը։ Հանդիպման վայրն անփոփոխ է, կրկին՝ մայրաքաղաքի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։

Միջոցառումն այս տարի իրականություն կդառնա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ուսումնական մասնագիտական դասընթացներ կազմակերպելու առաքելությամբ։ Մասնակիցները կլինեն սահմանամերձ բնակավայրերից, որտեղ և կկազմակերպվեն դասընթացները։

Այս տարվա բարեգործական վազքի ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայ մայրեր» ՀԿ-ին, որը և կազմակերպելու է մասնագիտական դասընթացները։ Սա Ինեկոբանկի և «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության շարունակական համագործակցություններից մեկն է, սակայն եզակի է նրանով, որ մեկտեղում է սպորտն ու բարեգործությունը։

Մրցարշավին մասնակցելու է մոտ 700 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ, մրցելու են 1 կմ, 5 կմ, 10 կմ և էստաֆետա մրցատարածություններում։

«Ինեկոբանկն իր գործունեության 26 տարվա ընթացքում մշտապես կարևորել է բարեգործական նախաձեռնություններին մասնակցությունը։ Սա մեր ավանդական գարնանային բարեգործական վազքն է և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ միավորում է բարին գործելու պատրաստակամություն, առողջ ապրելակերպի ձգտում և սոցիալական բարձր պատասխանատվության զգացում ունեցող անհատներին և ընտանիքներին մեկ վազքուղու վրա։ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս առաջնահերթությունն է»,- նշել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2022-ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը, որը 2015 թվականից ի վեր նախաձեռնում է վազքին առնչվող տարբեր միջոցառումներ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և սպորտային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։

Այսպիսով, մայիսի 1-ին՝ ժամը 09:00-ին, Հրազդանի կիրճում։

Գրանցման և մանրամասների համար կարելի է այցելել միջոցառման պաշտոնական էջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---