30 ապրիլի 2022 - 11:05 AMT
Գրիգորյան. Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն` որ տարածքներն են տեսնում իրենց տարածքային ամբողջականության մեջ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է, ասել է, որ այդ երկրի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում իրենց տարածքային ամբողջականության մեջ։ Այդ մասին հայտնում է Արմենպրեսը։

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա:

Ասել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռևս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարց է:

Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում:

Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի»,- ասել է Գրիգորյանը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այդ մասին Արմեն Գրիգորյանն ասել է «Ազատության» եթերում` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը: