ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցու նկատմամբ «վանդալիզմի և սրբապղծման գործողությունները»

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցու նկատմամբ «վանդալիզմի և սրբապղծման գործողությունները»

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:

«Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:

Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական իշխանամերձ լրատվականները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ, տեղեկացրել է Karabakh Records-ը։

Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ եկեղեցուց հանվել է խաչը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---