Ադամ Շիֆ. Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Միլիոնավոր ամերիկացիներ հույս ունեն, որ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումն ու կճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը», - գրում է կոնգրեսական Ադամ Շիֆը The Wall Street Journal թերթում:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած չկար ԱՄՆ ոչ մի նախագահ, ով չիմանար հայոց պատմության այդ սարսափելի ժամանակահատվածի մասին եւ կարողանար ուղղակիորեն հայտարարել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ամերիկան արժանի է առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների մասին», -իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր նախագահ Օբաման», - գրում է Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը հիշեցնում է, որ այն ժամանակվա թերթերը լի էին հայերի բազմաթիվ սպանությունների մասին նյութերով: Վերջերս Times թերթը գրել էր, որ «800000 հայ սառնասրտորեն սպանվել էր Փոքր Ասիայում»: Ադամ Շիֆն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անկասկած պետք է ընդունի, որ անցյալի ցեղասպանությունների մասին անկեղծորեն խոսելու անընդունակությունը հանգեցնում է Դարֆուրում ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնելու անընդունակությանը: «Եթե մենք հանդես գանք ցեղասպանության ճանաչման դեմ եւ մտահոգվենք մեր դաշնակցին վիրավորելու առիթով, ապա մենք ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանին եւ Չինաստանին համոզել միջոցներ ձեռնարկել Դարֆուրում սպանությունները դադարեցնելու նպատակով: 2007 թվականի նոյեմբերի 11-ին իր նախընտրական ելույթներից մեկում Բարաք Օբաման հայտարարել էր. «Ես աշխատում եմ, որովհետեւ հավատում եմ, որ գոյություն ունի «չափազանց ուշ» երեւույթ: Բայց ահա ժամանակը եկել է»: Եվ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշվում է կոնգրեսական Շիֆի հոդվածում:

Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարք Քըրքը, ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված վայրագությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---