3 մայիսի 2022 - 10:35 AMT
Անհնազանդության ակցիաները վերսկսվել են․ Երթեր, փակ փողոցներ, բերման ենթարկվածներ

Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցնում են երթեր, փակվել են փողոցներ։ Արդեն կան բերման ենթարկվածներ։

Ժամը 09:30-ի դրությամբ խցանված էին Բաղրամյան,Կոմիտասի, Փափազյան, Վրացական, Ազատության պողոտաները, ինչպես նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհը, Բաբայան, Խանջյան, Տերյան, Պուշկինի, Պռոշյան, Սարյան, Մոսկովյան, Նալբանդյան փողոցները։

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը կրկին փակվել է այն բանից հետո, երբ ոստիկանները բիրտ ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրել են փողոցից ու մի մասին բերման ենթարկել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում երթևեկելի հատվածը փակել էին «Պատիվ ունեմի» առաջնորդ Արթուր Վանեցյանի աջակիցները: Ոստիկանները փորձել են նրանց հեռացնել, սակայն ցուցարարները համառ են գտնվել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացել է, գրում է «Առավոտը»։

Անհնազանդության ակցիաներին մասնակցում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա Կոմիտասի պողոտան փակած ցուցարարների հետ էր։

Երևանի տարբեր փողոցներից, ժամը 10-ի դրությամբ, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 70 քաղաքացու, հայտնել են ոստիկանությունից։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ հայտնել է, որ բերման է ենթարկվել կուսակցության մոտ 30 անդամ։

«Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության մոտ 30 անդամներ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։