3 մայիսի 2022 - 11:15 AMT
Միրզոյանն ու Բլինքենը միջուկային էներգիայի ոլորտում գործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։

Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։

Վաշինգտոնում Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։