3 մայիսի 2022 - 11:48 AMT
Բլինքեն․ Լիովին աջակցում ենք ՀՀ ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Վաշինգտոնում է, մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում:

Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Վաշինգտոնում Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ընթերցեք նաև․ Բլինքեն․ ՀՀ-ն խիզախություն և ճկունություն է ցուցաբերում տևական խաղաղության հասնելու գործընթացում