Փոխոստիկանապետ․ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները եռապատկվել են

Փոխոստիկանապետ․ ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները եռապատկվել են

PanARMENIAN.Net - 2022-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց թիվը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Ֆիդանյանը որոշ տվյալներ է ներկայացրել. ըստ դրանց՝ 2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8591 անձ, որից առաջին եռամսյակում 1611 դիմում է եղել: 2021թ. հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը` 941: 2022թ. առաջին եռամսյակում ոստիկանությունը ստացել է 3206 դիմում, միայն հունվարի 1-ից ապրիլի 20-ը` 4696, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը` 3278 դիմում:

Փոխոստիկանապետը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, Հայաստանի կառավարությանն օրենքով դեռևս տրված չէ այդ լիազորությունը:

Սա հաշվի առնելով` նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել` հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետներն ու եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---