ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն են ընդունել

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն են ընդունել

PanARMENIAN.Net - Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Ժողովրդավարական հետագա բարեփոխումներ և փոխադարձ բարեկեցության խթանում

Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն:

Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

Անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում

Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»:

Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում վերնագրով բաժնում նշվում է, որ Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։

Հայկական պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի ու Պաշտպանության գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նույնպես ներկա էին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---