ԱԽ քարտուղար․ Ադրբեջանի 5 կետին 6 կետանոց պատասխան ենք տվել

ԱԽ քարտուղար․ Ադրբեջանի 5 կետին 6 կետանոց պատասխան ենք տվել

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։

Նա այդպես է արձագանքել հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել։

«Հայաստանի համար այդ 5 կետում անընդունելի կետ չի եղել։ Հայաստանն իր 6 կետով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։

Գրիգորյանն անդրադարձել է նաև դիտարկմանը, թե Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքների նկատմամբ հավակնոտ հայտարարություններով է հանդես գալիս։

«Քարտեզների կամ ընդհանրապես պատմական էքսկուրսիայի մասով ես չեմ պատրաստվում որևէ հայտարարություն անել։ Բոլոր քարտեզները և պատմական փաստերը տեղադրված են, և հանրության ցանկացած անդամ՝ և Հայաստանում, և Ադրբեջանում հնարավորություն ունի քարտեզներին ծանոթանալու և իմանալու, թե որ տարածքն ընդհանրապես պատմականորեն ում է պատկանել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, խաղաղության պայմանագրի հարցերից մեկն էլ հենց միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է։ Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը։ Բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականություն և սուվերենություն ճանաչել»,- նշել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Մենք հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը շրջադարձային էր համարել երկու երկրի հարաբերությունների կարգավորման համար Բաքվի առաջ քաշած 5 սկզբունքն ընդունելի համարելու Երևանի դիրքորոշումը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---