Նախադպրոցական հաստատություններում ևս տարակարգեր կսահմանվեն

Նախադպրոցական հաստատություններում ևս տարակարգեր կսահմանվեն

PanARMENIAN.Net - Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին ևս տարակարգեր կշնորհվեն։ Դա թույլ կտա մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացման գործընթաց իրականացնել։ Այս մեխանիզմը ներդրվում է առաջին անգամ։

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է կառավարության հեղինակած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Հարցը ներկայացրել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք, մասնավորապես, բխում են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի սահմանումը հանրակրթության պետական չափորոշչի սահմանման հետ համադրելու և կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը շեշտադրելու անհրաժեշտությամբ:

«Այս փոփոխության օգնությամբ մենք կարողանալու ենք նաև առավել արդյունավետ առաջ տանել նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը, որն արդեն սահմանվել է իբրև պարտադիր պահանջ, և ներկայում գտնվում ենք դրա իրացման փուլում»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևորագույն մոտեցումը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցմանը, որի կարգի լիազորող նորմը նույնպես դրվել է այս նախագծով:

«ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ, որը թույլ է տալու էապես ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կան այդ կադրերը, և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը հնարավորություն է տալու, որպեսզի նաև հարակից բնակավայրերի մարդիկ կարողանան աշխատել»,- շեշտել է փոխնախարարը:

Անդրեասյանը կարևորել է նաև լիազորող նորմերի ներառումը ներառական կրթության համատեքստում, որով հնարավորություն է տրվում սահմանել 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---