Միրզոյանի և Մենենդեսի հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը

Միրզոյանի և Մենենդեսի հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։

Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։

Միրզոյանը բարձր է գնահատել Մենենդեսի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչը կարևոր նշանակություն ունի արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։

Միրզոյանը Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։

Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---