Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ քաղաքական առասպելներ են հյուսվում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի, սահմանի բացման եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քաղաքական առասպելներ են հյուսվում եւ լրացուցիչ աժիոտաժ է առաջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Երեւանի ու Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատման բնական գործընթաց է գնում, որը սկիզբ առավ հայկական կողմի ձեռնարկած լուրջ քայլերից հետո: Այժմ Հայաստանը կարող է որոշակի հաջորդականություն թելադրել բանակցային գործընթացում:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգիռ են նաեւ համաշխարհային տերությունները: Նրանց շահերը հայ-թուրքական սահմանի բացման առումով համընկնում են, եւ դա շատ է անհանգստացնում Անկարային եւ նվազեցնում է նրա մանեւրելու հնարավորությունները»,-նշել է Հայկ Դեմոյանը: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացի զարգացումները բացառիկ են: «Հայաստանի հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում, քան օրինակ 15 տարի առաջ: Սա արդեն լուրջ ցուցանիշ է»,-ընդգծել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---