ՔԿ․ ԳՇ պետի նախկին տեղակալ Մակարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՔԿ․ ԳՇ պետի նախկին տեղակալ Մակարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։

Պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետևանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու և սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսականի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն, իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան։

Այդ գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողի, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:

N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, անփույթ վերաբերմունք է դրսևորել՝ վերջնականապես չի պարզել անձնակազմին վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 7։00-ի սահմաններում, «Կիրի հանք» անձնակազմի իջեցումն ապահովելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը և հասել Կովսականի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Բացի այդ, Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու շահագրգռվածությունից ելնելով, իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով Վ.Ն.-ի որդին է, առանց հրամանի ձևակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին և զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով։ Միաժամանակ նա հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, անելով դա միայն օրեր անց։

Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ զորամասի հրամանագրքում կատարել ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից։ Բացի այդ, N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն կեղծ գրառում է կատարել՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020-ի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---