Արցախում կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները

Արցախում կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը` կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցող ողբերգական պատահարների և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին` դրանք համարելով անընդունելի և անթույլատրելի:

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք` միտված ներքին կարգուկանոնի պահպանմանը և այսօր որոշումներ կայացնենք: Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է Նախագահը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե արտաքին անվտանգության առումով կան հստակ արտաքին երաշխիքներ ու մեխանիզմներ, ապա ներքին կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները: Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարն իրավապահ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է ծրագիր մշակել և խստացված ռեժիմով ստուգումներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:

Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:

«Մեր ամենամեծ առավելությունը պետք է լինի երկրի ներքին կարգապահությունը: Եթե խոսում ենք ժողովրդագրության աճի, սոցիալական ու զարգացման ծրագրերի մասին, ապա պետք է հետևողական լինենք նաև օրենքի գերակայության հարցում և ապահովենք բնակչության ներքին անվտանգությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը՝ հանձնարարելով համապատասխան մեխանիզմներով ավելի խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը:

Ավելի վաղ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրակոցների գործով Արցախի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալության լուրերին, հաստատել էր դա ու նշել, որ ԱՀ նախագահը մշտապես ասել է, որ «Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»։

Մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների¬ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---