Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի

Տավուշում  ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում նախատեսվում է ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր բացել։

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022-ի սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:

Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել հետևյալ ներդրումները՝ դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում, շենքային պայմանների որոշակի բարելավում, շենքի մշտական ջրամատակարարման ապահովում՝ խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ, ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ, հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում, քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում, 25-տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում, մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:

Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

2021-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---