Բայրամով․ Ադրբեջանը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման մեկնարկին

Բայրամով․ Ադրբեջանը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման մեկնարկին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։

«Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին»,- հայտարարել է Բայրամովը Դուշանբեում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բայրամովը նշել է, որ քայլեր են ձեռնարկվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, այդ թվում որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը։

Բայրամովը նաև հավելել է, թե «հակամարտությունը մնացել է անցյալում, ներկայումս գլխավոր խնդիրն ազատագրված տարածքների վերածնունդն է, տնտեսական ու հաղորդակցական կապերի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումը»։

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---