16 մայիսի 2022 - 10:26 AMT
Ընդդիմությունը ավտոերթեր է անցկացնում 5 ուղղությամբ․ Կան բերման ենթարկվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները մայիսի 16-ի վաղ առավոտից ավտոերթեր են անցկացնում 5 ուղղությամբ․Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտից, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտից, Արինբերդի խճուղուց (Տեցի կռուգ), տեղեկացնում է Panorama.am-ը։

Երևանի մի քանի փողոց փակվել են ոստիկանական մեքենաներով։ Լարված իրավիճակ է ստեղծվել Բաղրամյան և Արշակունյաց պողոտաներում, Ծիծեռնակաբերդի խճուղում։ Ոստիկանները նախ փակել են մեքենաների ճանապարհը, ապա սկսել բերման ենթարկել մասնակիցներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Մայիսի 15-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ մայիսի 16-ին տեղի են ունենալու ավտոերթեր։

Սաղաթելայնը նաև ասել է, որ մայիսի 17-ից շարժմանն ամբողջությամբ նոր թափ են հաղորդելու։

«Այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հասել ենք, բայց պարզ, անկեծ ասում եմ՝ դա բավարար չէ, մեզ պետք է կազմակերպվածության նոր մակարդակ։ Այն ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դրանք դարձնենք անշրջել։ Երեքշաբթի առավոտյան, այս հրապարակում ինչքան մարդ կա, պետք է իջնի փողոց ու դրանից հետո կտեսնեք, թե ինչ արագ տեմպերով գրանցելու ենք արդյունքներ»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ մայիսի 17-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է լինելու։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։