Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարել են` Եվրատեսիլում սխալ են ներկայացրել իրենց տրված միավորները

Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարել են` Եվրատեսիլում սխալ են ներկայացրել իրենց տրված միավորները

PanARMENIAN.Net - Վրաստանը, Ադրբեջանը և Ռումինիան հայտարարել են, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ, որի եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին` Թուրինում, սխալ են ներկայացրել այդ երկրներին շնորհված գնահատականները։

Վրաստանի և Ադրբեջանի ժյուրիները առավելագույն միավորը տվել են Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես հայտարարել են Եվրատեսիլի կազմակերպիչները, իսկ Ռումինիայում հայտարարել են, որ 12 միավոր են տվել Մոլդովային, գրում է «Վեդոմոստին»։

Վրաստանում հայտնել են, որ ժյուրին առավելագույն միավորը տվել է Ուկրաինային, սակայն, հեռարձակման ժամանակ աղյուսակում մրցույթի կազմակերպիչները ցույց են տվել, որ 12 միավորը Մեծ Բրիտանիան է ստացել։

Վրաստանի հանրային հեռարձակողը հավաստիացրել է, որ Եվրատեսիլ են ուղարկել նոտարի կողմից հավաստագրված արդյունքները և որ փաստաթուղթն ընդունվել է։ Սակայն, եթերում Վրաստանի ներկայացուցիչը չի կարողացել հայտարարել արդյունքները։ Արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), ըստ վրացական կողմի, հայտարարել է անհամապատասխան թվեր՝ հղում անելով տեղեկատվության ստացման ժամանակ գրանցված խափանումներին։

Այն մասին, որ ադրբեջանական ժյուրին ևս առավելագույն միավոր Ուկրաինային է տվել, ոչ թե Մեծ Բրիտանիային, հայտարարել է հեռուստահաղորդավար Նարմին Սալմանովան, որին ևս չի հաջողվել հնչեցնել այդ արդյունքները տեխնիկական խնդիրների մասին եվրոպական կողմի հայտարարության պատճառով։ Ըստ Սալմանովայի, Ադրբեջանում կքննեն այդ միջադեպը։

Իսկ Ռումինիան առավելագույն միավորը շնորհել է Մոլդովային, ոչ թե Ուկրաինային, և, ինչպես Ադրբեջանի և Վրաստանի պարագայում, ռումինացի հաղորդավար Էդա Մարկուսը ևս չի հայտնվել եթերում՝ հայտարարված տեխնիկական խնդիրների պատրվակով։ Ռումինիայի հեռարձակողը ևս պնդում է, որ նոտարի կողմից հավաստագրված արդյունքները ժամանակին է փոխանցել։

Մայիսի 14-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստանալով 631 միավոր։ Սա Ուկրաինայի երրորդ հաղթանակն է այս մրցույթում։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Հայաստանը մրցույթում գրավել է 20-րդ տեղը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---