Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը մեկնարկել է

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը, որին կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդողները:

Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունիսի 7-ը։

ՀՀ կառավարությունն ապիրլի 28-ի որոշմամբ հաստատել է կամավոր ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս դրական միավորներ ստացած ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200,000 դրամ: Այս դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճարը` ըստ հավաքած միավորների:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դիմելու մեխանիզմը պարզ է. էլեկտրոնային մատյանում ակտիվացել է համապատասխան բաժինը, որի միջոցով ուսուցիչը կարող է դիմել կամավոր ատեստավորման` կատարելով առարկայի ընտրությունը: Մնացած տվյալները կբեռնվեն ինքնաշխատ եղանակով: Թողարկվել է իրազեկող հոլովակ, որը ևս հրապարակված է:

Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն ուղեցույցները, որոնցում կներկայացվեն թեստերի կառուցվածքը, առաջադրանքների նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները:

Բուն ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:

Գիտելիքի ստուգումը կիրականցվի գրավոր եղանակով` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Այս պարագայում գիտելիքի ստուգման գործընթացը կիրականացվի տվյալ ուղղությամբ մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի կողմից` այդ նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից:

Գալիք տարվանից նշված եղանակով կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն կունենան նաև դասվարները:

Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի` «Պատմություն» առարկայի ուսուցիչները կկարողանան ընտրել կամավոր ատեստավորման երկու տարբերակներից որևէ մեկը (թեստային և ոչ թեստային):

Անդրեասյանը նշել է, որ անցած տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցած և առնվազն 70 միավոր ստացած 478 ուսուցիչ կստանա բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրություն` այս տարվա մայիսից սկսած:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները կստանան ևս 30-50 % հավելավճար, և տեսականորեն ու պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400,000 դրամ աշխատավարձ: Նա նշել է, որ մեկ դրույք ունեցող ուսուցիչն ատեստավորման արդյունքում 50% աշխատավարձի բարձրացման դեպքում կստանա 300,000 դրամ, որին հավելելով տարակարգերի հավելավճարները, գումարը կարող է հասնել մինչև 400,000-ի:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---