Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Այդ երկրների դեսպանները հայտերը պաշտոնապես հանձնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Նա դա պատմական քայլ է անվանել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների անվտանգային շահերը, մենք վճռական ենք բոլոր հարցերի կարգավորմանը հասնելու և ընդունելու գործընթացն արագ ավարտելու գործում»,-ասել է նա։

Ստոլտենբերգն ասել է նաև, որ այժմ ՆԱՏՕ-ն «ադապտացնելու է իր անվտանգության համակարգը Բալթյան ծովում»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ վերոնշյալ երկրները ընդունվելու են արագացված ընթացակարգով։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին կհաջորդի Մոսկվայի արձագանքը։ Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին անմիջական սպառնալիք չի ստեղծում ՌԴ համար, քանի որ Մոսկվան խնդիրներ չունի այդ երկրների հետ։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---