Մոնպելիեի քաղաքապետարանին հարող զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով

Մոնպելիեի քաղաքապետարանին հարող զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։

Այգու բացումը կատարվել է Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից, ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեսյբուքյան էջում։

Ելույթներով հանդես են եկել Մոնպելիեի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը, ինչպես նաև Մոնպելիեի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գոհար Գալստյանը և Հովհաննես Սարգսյանը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտիքի խոսք է հայտնել Մոնպելիեի քաղաքային խորհրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար՝ ընդգծելով, որ այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկիայի հայկական թագավորության միջև։ Այս համատեքստում դեսպանը նաև հիշատակել է հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։

Շարունակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Դըլաֆոսին և քաղաքային խորհրդին՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար՝ ի պաշտպանության Արցախի ժողովրդի և նրա իրավունքների։ Դեսպանը հիշատակել է նաև Մոնպելիեի դինամիկ և ակտիվ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։

Ելույթներին հաջորդել է մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչել են Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր։

Միջոցառումից հետո դեսպան Տոլմաջյանը գրառում կատարեց Մոնպելիեի «Ոսկե գրքում:

Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Էրո դեպարտամենտի սենատոր Հուսեին Բուրգին, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, Մոնպելիեի Փաստաբանական խորհուրդի նախագահ Նիլոկա Բեդել դը Բուզարենգեսը, նույն խորհուրդի նախկին նախագահ Լյուկ Կըրկաշարյանը, ինչպես նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Էրո դեպարտամենտի շրջանային և Մոնպելիեի քաղաքային խորհուրդների անդամներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---