«Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսում կներկայացվեն 2013-2016 թթ. հայտնաբերված գտածոներ

«Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսում կներկայացվեն 2013-2016 թթ. հայտնաբերված գտածոներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու են 2013-2016 թթ. Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի (ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) իրականացրած պեղումներից հայտնաբերված և նույն կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում վերականգնված ավելի քան 60 արժեքավոր գտածոներ, որոնք արտացոլում են ուրարտական թագավորության հավատալիքներին, կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին բնորոշ գծերը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվող ժամանակավոր այս ցուցադրությունը հանրության համար հասանելի կլինի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ը։

Ուրարտուի (Վանի) թագավորությունը հիմնադրվել է մ․թ.ա. 9-րդ դարում արքա Արամեի կողմից և վերջնական անկում է ապրել մ․թ․ա. 6-րդ դարում։

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավարևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը՝ հարթավայրում՝ մոտ 100 հա տարածքի վրա, սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։ Թեյշեբաինի քաղաքը կործանվել է մ․թ․ա. 6-րդ դարում՝ սկյութների հանկարծակի հարձակումից, որից հետո կյանքն այստեղ չի վերականգնվել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---