Ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանը չի բացվի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը դժվար թե բացվի ապրիլի 16-ին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ ապրիլի 16-ին հայտարարություն արվի կամ որեւէ հուշագիր ստորագրվի, որի արդյունքում կողմերը ընտրեն սահմանի բացման եւ որոշակի մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարբերակը»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ քաղաքագետի խոսքով, ներկայումս Երեւանի ու Անկարայի միջեւ լուրջ փոխգործակցության գործընթաց է ընթանում:



Ինչպես նշել է Կովկասի Ինստիտուտի տնօրենը, սահմանի բացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: «21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: Սահմանի բացումը կթեթեւացնի Հայաստանի հաղորդակցությունը եվրոպական երկրների հետ եւ թույլ կտա, որպեսզի հայկական կապիտալն իր տեղը գտնի Թուրքիայի արեւելյան շրջաններում»,- նկատել է հայ քաղաքագետը: Դրա հետ մեկտեղ, Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է նաեւ սահմանի բացման բացասական ազդեցությունը, մասնավորապես` Թուրքիայի արեւելյան շրջաններից մարդկանց հոսքը Հայաստան եւ հակառակը:



Իսկանդարյանը նաեւ նշել է, որ Թուրքիայում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, եւ ադրբեջանական լոբբին այդ ցուցակում առաջինը չէ: «Երեւանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման դեմ հանդես են գալիս ազգայնականները, կրոնական շրջանակները, ադրբեջանական ծագում ունեցող մարդիկ: Այսօր Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությանը ճնշելու համար կիրառում է բոլոր գործիքները»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---