Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան

PanARMENIAN.Net - Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանա: Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենքներում լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով:

Փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին)՝ 50 տոկոսի չափով։

Բացի այդ, եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:

Հարցը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ փոփոխությունները բխում են ՀՀ դատական և իրավական ռազմավարությունից, որով նախատեսվել են դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների օրենդրական փոփոխություններ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում:

«Գիտեմ, շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ: Արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերի», -ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---